Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին չորեքշաբթի Քաբուլ այցի ժամանակ հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ իրանական կողմի բանակցությունների մասին: Նա այս մասին հայտնել է Աֆղանստանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը ղեկավարել է երկրի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլահ Մոհիբը: Առաջին անգամ է, որ Թեհրանն անմիջական շփում է ունենում թալիբների հետ, ասել է նման մակարդակի իրանցի քաղաքական գործիչը, հայտնում է Tasnim գործակալությունը: 

«Մենք «Թալիբան» շարժման հետ մի շարք խորհրդակցություններ եւ բանակցություններ ենք վարել՝ այդ մասին տեղեկացնելով Աֆղանստանի կառավարությանը: Նման պրակտիկան կշարունակվի նաեւ հետագայում»,- ասել է Շամհանին:

Նա նշել է «անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ կնքված համաձայնագրերի կառուցողականության մասին, որը դեկտեմբերի 7-8-ն անցկացվել էր Թեհրանում՝ Աֆղանստանի, Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ»: «Անվտանգության հարցերում տարածաշրջանի երկրների մշտական երկխոսության եւ գործնական համագործակցության մեխանիզմների ստեղծումը կարող է ապահովել տարածաշրջանային պետությունների կայունությունը եւ հաստատուն զարգացումը»,- շեշտել է նա:

Վերջին ամիսներին մի քանի երկրներ մասնակցել են Աֆղանստանում իրավիճակի կարգավորման բանակցություններին՝ «Թալիբան» շարժման ներգրավմամբ: Այսպես՝ դեկտեմբերի 17-18-ը Աբու Դաբիում ԱՄԷ-ի հովանու ներքո բանակցություններ են ընթացել թալիբների եւ ԱՄՆ ներկայացուցիչների միջեւ: Հանդիպումներին մասնակցել են նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի պատվիրակությունները: