Ստորջրյա LarvalBot ռոբոտը մարջանի պոլիպների 100 000 միկրոսկոպիկ թրթուրներ է ցանել Մեծ Պատնեշային խութի վրա։ Ակնկալվում է, որ դա կօգնի վերականգնել յուրօրինակ էկոհամակարգը, որը ոչնչանում է գլոբալ տաքացման հետեւանքով՝ հայտնում է NBC-ն։

Մարջանների թիվն աշխարհում սրընթաց կրճատվում է անբարենպաստ պայմանների պատճառով՝ օվկիանոսը տաքանում է, իսկ նրա թթվայնության մակարդակը բարձրանում։ Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ է նկատվում պոլիպների գունաթափում։ Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ 2016-2017թթ․ ոչնչացել է Մեծ Պատնեշային խութի մարջանների կեսը։ Պոլիպները կորցնում են վերարտադրվելու ունակությունը։

Առաջին փորձը կատարվել է Վլասոֆ խութի վրա։ Այնտեղ ստորջրյա անօդաչուն տեղաշարժվել է վնասված տարածքներով եւ 100 000 թրթուրներ ցանել։ Ենթադրվում է, որ խութի ողջ մնացած մասը ավելի կայուն է գլոբալ տաքացման հանդեպ։