Իրաքի քաղաքական գործիչները դժգոհ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի այցից, որը որոշել է այցելել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերին: Տեղական քաղաքական գործիչները Թրամփի չհայտարարված այցը որակել են «Իրաքի ինքնիշխանության ոտնահարում», հաղորդում է Reuters-ը:

Islah խորհրդարանական դաշինքի առաջնորդ Սաբահ Ալ-Սաադին կոչ է արել արտահերթ խորհրդարանական նիստ անցկացնել՝  քննարկելու համար Իրաքի ինքնիշխանության դեմ այս աղաղակող խախտումը եւ կասեցնել Թրամփի ագրեսիվ գործողությունները, որը պետք է իմանա իր սահմանները. ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացիան ավարտվել է»:

«Բինա» դաշինքը նաեւ դեմ է արտահայտվել Թրամփի՝ Իրաք ուղեւորությանը: «Թրամփի այցը դիվանագիտական ​​նորմերի բացահայտ եւ աղաղակող խախտում է եւ վկայում է Իրաքի կառավարության նկատմամբ իր արհամարհանքի եւ թշնամանքի մասին»,- ասված  է դաշինքի հայտարարության մեջ:

Իրաքի վարչապետի մամլո ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները նախօրոք են տեղեկացրել Իրաքի ղեկավարությանը Թրամփի այցի մասին: Իրաքի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի հանդիպումը տեղի չի ունեցել «հանդիպման անցկացման վերաբերյալ տարաձայնությունների» պատճառով: Փոխարենը, ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել:

Իրաքյան օրենսդիրները գործակալությանը հայտնել են, որ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հանդիպման վայրի շուրջ: Թրամփը ցանկացել  է հանդիպել Այն ալ Ասադում տեղակայված ռազմակայանում, Իրաքի վարչապետը մերժել է այդ առաջարկը: