Փաստը, որ Իրանի նավերը երեսուներկու տարվա դադարից հետո մտել են Սուեզի ջրանցք, վկայում է այն մասին, որ Իրանը ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ինքը տարածաշրջանային առաջնորդ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ Իրանն իսկապես տարածաշրջանային առաջնորդ է, պարզապես միջազգային հանրությունը չի ցանկանում խոստովանել դա։

«Իսկ Թեհրանի վերջին քայլն ուղղված է նրան, որ այդ փաստն ապացուցի աշխարհին։ Բացի այդ, իրանական նավերի՝ Սուեզի ջրանցք մուտք գործելը մարտահրավեր է Իսրայելին. Թել Ավիվն այդ առիթով արդեն իսկ նյարդայնանում է»,-նկատեց փորձագետը։

Նշենք, որ իրանական երկու նավեր փերվարի 22-ի առավոտյան Միջերկրական ծով անցնելու համար մուտք էին գործել Սուեզի ջրանցք։ Իրանի ռազմածովային  ուժերի նավերը Սուեզի ջրանցքով չեն անցել 1979 թվականի իրանական հեղափոխությունից ի վեր։ Իրանի Ռազմածովային ուժերի նավերի անցումը հարուցել է Իսրայելի անհանգստությունը, քանի որ իրանական նավերը պետք է ուղղվեն Սիրիա, որի հետ Իսրայելը պաշտոնաես պատերազմական իրավիճակում է։