Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում սկսել է Թվինինգ (Twinning) գործիքի կիրառմամբ նպատակային ծրագիր:  «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» անվանումը կրող այդ ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել  Գերմանիայի,  Լիտվայի եւ Հայաստանի մրցակցության պաշտպանության եւ պետական օժանդակության վերահսկողության մարմինների միջեւ:

Թվինինգ ծրագրերի շրջանակում, որպես կանոն, գործընկերություն է հաստատվում անկախ պետությունների հաստատությունների եւ կառավարությունների միջեւ` փորձի փոխանակման եւ կոնկրետ հարցերի շուրջ համագործակցություն զարգացնելու նպատակով: ԵՄ անդամ երկրները խորհրդատվական ծառայություններ են տրամադրում` օրենսդրությունը ներդաշնակեցնելու, տնտեսական, ֆինանսական կամ կառավարման գործունեությունը բարելավելու նպատակով:

Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս թվինինգ ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է:

Այդ ժամանակահատվածում նախատեսվում է կատարելագործել մրցակցության պաշտպանության քաղաքականության կիրարկումը, բարելավել պետական օժանդակության վերահսկողությունը եւ մրցակցային միջավայրը, մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության բարեփոխումների  արդյունքում բարձրացնել Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները, ռեսուրսների կառավարման արդյունավետությունը:  Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաեւ հանձնաժողովի գործառույթների ընդլայնում, մասնավորապես՝ վերահսկողական լիազորությունների, ստուգումների առումով: