Չինաստանի գիտնականները եւ ինժեներները մինչեւ 2022-ը մտադիր են ավարտել երկրաշարժերի ծանուցման աշխարհի ամենախոշոր եւ ամենաժամանակակից համակարգերից մեկը, որը «մյուս երկրների նախանձը կառաջացնի», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով CGTN-ին հեռուստաալիքին:

Նախագծի մասնակիցները հայտնել են, որ ներկայումս մասնագետները ողջ երկրի տարածքով ավելի քան 15 հազար սենսորներ են տեղադրում, որոնք միավորվելու են մեկ ցանցում:

Ակնկալվում է, որ ստորգետնյա ցնցումից հետո սենսորները ակնթարթորեն էլեկտրական իմպուլսներ կուղարկեն կառավարման կենտրոն, որից հետո առավել վտանգավոր գոտում ապրող բնակիչները սպառնալիքի մասին ծանուցում կստանան:

Չինացի գիտնականները պնդում են, որ ծանուցման նման համակարգը կկարողանա օպերատիվ կերպով մարդկանց զգուշացնել վտանգի մասին՝ նրանց անհրաժեշտ մի քանի վայրկյան տալով, օրինակ տարածքը լքելու համար, մինչեւ որ սեյսմիկ ալիքները կհասնեն մակերութույթին:

Փաստաթղթերի համաձայն, որոնք հայտնվել են հեռուստաալիքի տնօրինության տակ, համակարգը կարող է ցնցումից երկու վայրկյան հետո բնակչությանը զգուշացում ուղարկել:

Նման համակարգերը գործում են նաեւ Ճապոնիայում եւ ԱՄՆ-ի արեւմտյան ափին, սակայն նախագծի ինժեներներից մեկի՝ Լի Շանյուի խոսքով, չինական համակարգը մի քանի չափանիշներով ավելի կատարելագործված կլինի:

Բացի այդ նշվում է, որ համակարգը կկարողանա ոչ միայն ֆիքսել տեկտոնական շարժերը, այլեւ երկրաշարժի հնարավոր հետեւանքները հաշվարկել: