ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) անօդաչու թռչող սարքերին ճանաչելու ծրագիր է սկսել։ Երկուշաբթի օրը The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ծրագրի նպատակը այն տեխնոլոգիաների փորձարկումն է, որոնք թույլ կտան հետագայում ընդլայնել այդ սարքերի կոմերցիոն գործածությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Դա կարեւոր եւ դրական ազդանշան է այն մասին, որ ԴԱՎ-ն ակտիվացրել է դրոնների գործածության կանոնների մշակման ոլորտում իր ջանքերը։ Մասնավոր ընկերությունները լիովին պատրաստ են նրան, որպեսզի գտնեն այդ թռչող սարքերի նույնականացման խնդրի լուծումը»,- Kittyhawk անօդաչուների սպասարկման հարցերով ընկերության ղեկավար Ջոշուա Զիրլինգի խոսքերն է մեջբերում թերթը։
Առանց անօդաչու թռչող սարքերի հուսալի նույնականացման եւ ԴԱՎ-ի կողմից դրանց երթուղու հետապնդման, ԱՄՆ իրավապահ մարմինները արգելում եմ նման սարքերի արձակումը երկրի տարածքի մեծ մասում։ Ինչպես հիշեցնում է WSJ-ը, ներկայում թույլատրվում է առավելագույնը 55 ֆունտ (24,9 կգ) քաշով կոմերցիոն դրոնների օգտագործումը, որոնք իրավունք ունեն թռչել 121 մետրից ոչ ավելի բարձրությամբ, որը գտնվում է գետնի վրա աշխատող օպերատորի տեսադաշտում։
Անօդաչուների համար նոր կանոնները կհաստատվեն 1-2 տարվա ընթացքում։ Դաշնային ավիացիոն վարչության ներկայացուցչի խոսքերով՝ դրանց «գլխավոր նպատակը թռիչքների անվտանգությունն ապահովելն է»։





























