Բունդեսթագում ներկայացված բոլոր կուսակցություններից հարյուրավոր գերմանացի քաղաքական գործիչների անձնական տվյալները հաքերները հրապարակել են համացանցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RBB-ին:

Համացանցում հայտնվել են քաղաքական գործիչների բջջային հեռախոսների համարները, հասցեները, ինչպես նաեւ ներկուսակցական փաստաթղթաշրջանառության մի մասը՝ համագումարների մասնկացության հայտարարություններ, մասնակիցների ցանկը եւ այլն: Որոշ փաստաթղթեր արդեն մի քանի տարեկան են: Որոշ դեպքերում հաքերները կարողացել են պատգամավորների անձնական փաստաթղթերին հասանելիություն ստանալ՝ հաշիվներին, բանկային հանձնարարականներին, կրեդիտային քարտերի տվյալներին, հարազատների հետ նամակագրություններին: ԶԼՄ-ները գրում են, որ ցուցակում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության քաղաքական գործիչների մասին տվյալներ չկան:

Հաքերների գործողություններից վնասը մեծ է գնահատվում, սակայն ցանկում քաղաքականության տեսանկյունից կարեւոր տվյալներ չկան, գրում է RBB-ն:

Հղումը տարածվում է Համբուրգում գրանցված ինտերնետ հարթակի միջոցով: Ավելի վաղ այդ էջով, որը 16 հազար ընթերցող ունի, արդեն գերմանացի հայտնի մարդկանց մասին գաղտնի տվյալներ էին տարածվել:

Ամենայն հավանականությամբ հղումը հրապարակվել է դեռ դեկտեմբերի 25-ին, սակայն լրատվամիւոցներն այն նկատել են միայն հինգշաբթի երեկոյան:

Թե երբ եւ որտեղ կարող էին տվյալները գողացվել, հայտնի չէ: Bild-ն առանց աղբյուրին վկայակոչելու, նշում է, որ հաքերային հարձակումներն իրականացվել են  2018-ի հոկտեմբերին: Տեղեկատվությունը ստուգում է Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունը, որը հակահետախուզության գործառույթներ  է իրականացնում:

Bild-ը նաեւ նշում է, որ տվյալները գողացվել են ոչ միայն քաղաքական գործիչներից, այլեւ երաժշտկան խմբերի ներկայացուցիչներից, հեռուստաօպերատորներից եւ մի շարք լրագրողներից: