Ռուսաստանը նախատեսում է Չիլիում հեռահար տիեզերակապի կենտրոն (ՀՏԿԿ) բացել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի Հատուկ կոնստրուկտորական բյուրոյին (ՄԷԻ ՀԿԲ)։
«Հարավային» ՀՏԿԿ-ն, որը նախատեսվում է բացել Չիլիում, կստեղծվի «Սեռո Էլ Ռոբլե» աստղադիտարանի հիմքի վրա։
Կայանը բացվել է 1968թ., խորհրդային աստղագնացների աջակցությամբ։ 1973թ., Աուգուստո Պինոչետի իշխանության գալուց հետո, խորհրդային մասնագետները հեռացան երկրից։ 2014թ. ԶԼՄ-ները տեղեկացրին, որ ռուսաստանցի եւ չիլիացի գիտնականները պայմանավորվել են վերականգնել աստղադիտարանի աշխատանքները։
Ինչպես նշում են ՄԷԻ ՀԿԲ-ում, կենտրոնը նախատեսվում է բացել հեռահար տիեզերական սարքերով կառավարման համակարգերի արդիականացման շրջանակներում։ Բացի Չիլիում կենտրոն բացելուց՝ նախատեսվում է նաեւ արդիականացնել Կալյազինի (Տվերի մարզ), Շկոլնիի (Ղրիմ), «Արջի լճերի» (Մոսկվայի մարզ) եւ Ցիոլկովսկու (Ամուրի մարզ) ու Բայկոնուրի (Ղազախստան) կենտրոնները։
Համաձայն պետգնումների պորտալի տվյալների՝ «հեռահար տիեզերական սարքերի կառավարման համալիրի արդիականացման» համար տրամադրվել է 1,76 մլրդ ռուբլի։
Տենդերի փաստաթղթերում նշվում է, որ կառավարման համակարգը կապահովի նաեւ լուսնային նախագծեր, ինչպիսիք են «Լունա-Գլոբը», «Լունա-Ռեսուրս-1»-ը (ուղեծրային եւ վայրէջքային սարքեր)։
Արդիականացումը պետք է ավարտվի մինչեւ 2025թ. նոյեմբերի 25-ը։





























