Ադրբեջանական կողմից սահմանին բանակային ստորաբաժանումների փոխարինումը սահմանապահ զորքերով իրավիճակի վրա որեւէ կերպ չի ազդել: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝  հունվարի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Դա իրավիճակի վրա փոփոխություն չի մտցրել, չեմ կարծում, որ կմտցնի: Իրավիճակի վրա այս պահի դրությամբ որեւէ ազդեցություն դրական կամ բացասական, այդ ուղղությամբ չի կատարվել: Հետագայում մենք կողջունենք մոտեցումը հայ-ադրբեջանական սահմանին, եթե մենք սկսենք բանակցություններ եւ սահմանի որոշման խնդրով, եւ ընդհանուր ծառայության կազմակերպման, ինչպես ընդունված է ասել, պետական սահմանին պետք է լինի»,-ասաց նա:

Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ դա Ադրբեջանի կողմից միակողմանի է արվում. «Մենք մեր մասով կատարում ենք որոշակի խնդիրներ առանց հայտարարելու, դրա կարիքը չկա»: