Ահաբեկչության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացիների դեմ Եվրամիության պատժամիջոցներին ի պատասխան Թեհրանը միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Եվրոպայի տարածքում վերջերս տեղի ունեցած հարձակումներին ի պատասխան Եվրամիության խորհուրդը ԵՄ ահաբեկիչների ցանկում ներառել է Իրանի երկու քաղաքացիների եւ Անվտանգության եւ հետախուզության նախարարության կառույցի:
Բացի դրանից կիսամյակային վերանայման արդյունքում խորհուրդը երկարաձգել է նաեւ նախկինում ցուցակում ներառված անձանց, խմբերի եւ կառույցների նկատմամբ պատժամիջոցները: Այժմ ցուցակում ներառված է 15 ֆիզիկական անձ, 21 խումբ եւ կառույց:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ի պատասխան այս քայլին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի», - Telegram-ի ալիքում գրել է Կասեմին` նշելով, որ Եվրամիության որոշումը զարմանալի է, եւ Իրանի դեմ մեղադրանքները անհիմն են:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Թեհրանի դեմ մեղադրանքները Եվրոպային չեն ազատում Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպությանը թաքցնելու համար, որը Իրանում ահաբեկչական է համարվում:
2018 թ. նոյեմբերին Բրյուսելում կայացած բանակցություններում ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնել էին Դանիայում սկանդալի պատճառով քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման հարցը:
Ավելի վաղ Դանիան երկրում Իրանի հետախուզական ծառայությունների անօրինական գործունեության մասին լուրերի կապակցությամբ Թեհրանից հետ էր կանչել իր դեսպանին:
Դանիայի հետախուզության եւ անվտանգության ծառայության ղեկավարը (PET) ասել էր, որ իրանական հատուկ ծառայությունները Դանիայի տարածքում մահափորձ էին նախապատրաստում: Թեհրանում մեղադրանքները հերքել էին: Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Դանիայի դեսպանին եւ իր բողոքն արտահայտել իրանական հետախուզական ծառայությունների գործունեության մասին հայտարարությունների կապակցությամբ:





























