Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին Իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված իր ելույթում ամերիկացի որոշ քաղաքական գործիչների «առաջնակարգ ապուշներ» է անվանել՝ հայտնում է РБК-ն։
Նա նշել է, որ ԱՄՆ իշխանություններն անխոհեմ կերպով պարծենում են իրենց համարձակությամբ։ «Ամերիկյան քաղաքական որոշ գործիչներ ձեւ են անում, թե իրենք խելագար են։ Սրա հետ ես, իհարկե, համաձայն չեմ, քանի որ նրանք առաջնակարգ ապուշներ են»,- Խամենեի խոսքերն է մեջբերում կայքը։
Նրա խոսքով՝ նախկինում ԱՄՆ-ը բազմիցս սխալվել է Իրանի հարցում։ Մասնավորապես, նրանք սատարում էին Մուհամմեդ Ռեզա Փեհլեւի շահին, որը տապալվեց 1979թ․ Իսլամական հեղափոխության արդյունքում, ինչպես նաեւ կանխատեսում էին, որ միապետին տապալելուց հետո այաթոլայի իշխանությունը 5-6 ամիս կտեւի։ «Սակայն Իսլամական հեղափոխությունից հետո արդեն 40 տարի է անցել»,- հիշեցրել է Խամենեին։
Իրանի հոգեւոր առաջնորդը նաեւ «ծաղրածուություն» է անվանել ամերիկյան պաշտոնյաների այն հայտարարությունը, թե Թեհրանը Սաուդյան Արաբիայից պետք է սովորի մարդու իրավունքները պահպանել։ «Ուրիշ ինչ կերպ անվանես այդ մարդկանց, եթե ոչ ծաղրածուներ»,- նշել է Խամենեին՝ հավելելով, որ «նրանց ո՛չ սպառնալիքները, ո՛չ խոստումները, ո՛չ ստորագրությունները արժանի չեն ուշադրության եւ վստահության»։





























