Մերձավոր Արեւելքում սկսել եւ շաունակվում է բռնատիրության անկման գործընթացը, եւ որ ամենահետաքրքրականն է, տապալվում են ԱՄՆ կողմից աջակցություն ստացող վարչակազմերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական  կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

«Ընդ որում, իրավիճակը Մերձավոր Արեւելքում տարածվել է նաեւ հարեւան շրջաններ։ Հուզումներ նկատվում են Իրանում եւ Ադրբեջանում, սակայն Հայաստանը եւ Վրաստանը չեն գտնվում այդ ալիքի անմիջական ազդեցության ներքո։

Նախ, որովհետեւ Ադրբեջանում իշխող վարչակազմը եւ Մուբարաքի վարչակազմը Եգիպտոսում շատ նման  են, երկրորդ, չնայած Հայաստանում, Ադրբեջանում եւ Եգիպտոսում տնտեսական խնդիրների նմանությանը՝ Հայաստանում դինամիկան այդ երկրների համեմատությամբ  այլ է»,-նկատեց փորձագետը՝ միաժամանակ նկատելով, որ մերձավորարեւելյան իրադարձությունները պետք է դաս լինեն Հայաստան համար, որի իշխանությունները պարտավոր են լսել ժողովրդի ձայնը»:

Փորձագետը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ ԱՄՆ աջակցում է Մերձավոր Արեւելքի ապստամբներին։ «Հակառակը, ԱՄՆ-ն սատարում էր արաբական Աֆրիկայի բռնատիրական վարչակազմերին, եւ նա պարտվեց այն իմաստով, որ Վաշինգթոնի արձագանքն ուշացած էր, այսինքն՝ ամերիկացիները ուշ արձագանքեցին այդ իրադարձություններին եւ չկարողացան օգնել Մերձավոր Արեւելքի իրենց գործընկերներին»,- ընդգծեց փորձագետը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում շահած են դուրս գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը։