Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նրա վերընտրությունը հնարավորություն կտա ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունները, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ», նշվում է ուղերձում:

«Հույս ունեմ, որ Ձեր վերընտրվելուց հետո հնարավորություն կընձեռնվի երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների ընդլայնման եւ խորացման համար», հավելել է նա:

Ռոհանին վարչապետին նաեւ առողջություն եւ հաջողություններ է մաղթել, ինչպես նաեւ հայ ժողովրդին երջանկություն եւ բարգավաճում: