Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությանը հանձնարարել է կանոնակարգել ուղեւորափոխադրումների կազմակերպումը, որպեսզի չկրկնվեն նախորդ տարվա բացթողումները: Այս մասին նա նշել է փետրվարի 23-ին նախարարությունում կայացած կոլեգիայի նիստի ժամանակ, որտեղ առաջին անգամ մանրամասն ներկայացվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության 2011 թվականի ներդրումային ծախսային ծրագիրը, ինչպես նաեւ այս տարի իրականացվելիք ուղեւորափոխադրումների նվազագույն ծավալներն եւ ուղղությունները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախարար Վարդանյանը հատկապես առանձնացրել է ուղեւորափոխադրումների կազմակերպմանն ու սակագներին առնչվող հարցերը: Կոլեգիայի նիստի ընթացքում հավանություն է տրվել ՀԿԵ-ի կողմից այս տարի իրականացվելիք ուղեւորափոխադրումների նվազագույն ծավալներին եւ ուղղություններին:
Տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը մանրամասն ներկայացնելով հարցը նշել է, որ ուղեւորափոխադրումների բնագավառում ՀԿԵ-ն պետք է մշակի տնտեսական ճկուն քաղաքականություն եւ վերանայի ուղերթների ուղղությունների ընտրության քաղաքականությունը, որը նպատակաուղղված կլինի պահանջարկի բավարարմանը եւ ուղեւորափոխադրումներից ստացված վնասի կրճատմանը:
Նախարար Մ.Վարդանյանն առաջարկել է ՀԿԵ-ի այս տարվա ներդրումային ծախսային ծրագրում ընդգրկել երկաթուղային թունելների անվտանգության ապահովման հարցը` համապատասխան տեսախցիկների տեղադրմամբ:
Կոլեգիայի նիստում հավանության է արժանացել նաեւ ՀԿԵ-ի 2011 թվականի ներդրումային ծախսային ծրագիրը:




























