Լուրերն այն մասին, թե Հյուսիսային պողոտայում գտնվող «Հին էրիվան»  ռեստորանային համալիրը պարտքերի պատճառով փակվում է, կեղծ են եւ թյուրըմբռնման  հետեւանք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Հին Էրիվան Հոլդինգի» նախագահ Մանվել Տեր-Առաքելյանը` հավաստիացնելով. «Նման բան չկա, ես համարվում եմ հանրապետության հաջողակ բիզնեսմեններից մեկը: Մի տաս օր առաջ ես իմ աշխատողների շրջանում ժողով հրավիրեցի, եւ նրանց կարգի հրավիրելու համար մի միտք արտահայտեցի, ասացի, որ եթե այսպես շարունակեք աշխատել, ապա մենք կփակվենք: Այսինքն, ես ուզում էի այսպիսով իմ դժգոհությունը հայտնել, որ նրանք, այսպես ասած,  ավելի «աչայնի», ողջախոհ լինեն, քանի որ հանրապետությունում կոնկուրենցիան մեծ է: Այդ նախադասությունը, փաստորեն, ուռճացվել եւ ձեզ է հասել բոլորովին այլ իմաստով»,-հայտարարեց Տեր-Առաքելյանը: NEWS.am-ը նաեւ երկու այլ հարց ուղղեց «Հին Էրիվանի» տիրոջը:

Պարոն Տեր-Առաքելյան, դուք Ձեր խոսքում նշեցիք, որ Ձեզ համարում եք հաջողակ բիզնեսմեն: Նշանակում է, որ Հայաստանում Դուք Ձեզ հարմարավե՞տ եք զգում: Մինչդեռ շատ գործարարներ բողոքում են, որ Հայաստանում իրենց «նեղում են», եւ թույլ չեն տալիս  բիզնես գործունեություն ծավալել, եւ նրանք ստիպված իրենց բիզնեսն արտահանում են: 

Եթե ասեմ, որ ես ինձ կոմֆորտ եմ զգում, դա շատ սխալ կլինի: Ինչպես որ մյուս բիզնեսմենները, այնպես էլ ես, իմ դժգոհությունն ու մտահոգությունն եմ արտահայտում առ այն, որ մեզ մոտ բիզնես ոլորտը շատ նեղված վիճակում է աշխատում: Ես ինձ կոմֆորտ չեմ զգում, մենք աշխատում ենք մեր հնարավորություններից մի 10 անգամ ավելի, որպեսզի կարողանանք նորմալ բիզնես ոլորտ ստեղծել: Այսինքն, բիզնես ոլորտը մի հիասքանչ վիճակում չի, որ մենք էլ փափուկ բամբակների մեջ, կարագի-յուղի պես աշխատենք: Ո’չ, կան շատ դժվարություններ, եւ ես էլ համամիտ եմ մեր բիզնեսմենների հետ, ովքեր իրենց դժգոհություններ են հայտնում:

Ի՞նչն է, որ խանգարում է Ձեզ եւ մյուս  հայ բիզնեսմեններին «կարագի ու յուղի» պես աշխատել:

Ամենակարեւորը` հարկային դաշտն է, որը բիզնեսմենների համար ոչ արդյունավետ պայմաններ է ստեղծում: Նայում ես` այլ երկրներում ավելի արդյունավետ են աշխատում, որովհետեւ հարկային միջավայրը բարվոք է եւ հարկային պարտավորություններն ավելի մեղմ են: Ես չարաչար կսխալվեի, եթե ասեի, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է եւ մենք էլ կապույտ ակնոցներով ենք նայում ամեն ինչին: Ո’չ, մենք հաճախ աներեւակայելին ենք անում, որպեսի կարողանանք շատ դժվարություններ հաղթահարել եւ կարողանալ շարունակել մեր գործունեությունը:

 

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը