«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը Լիբիայի արեւելքում գտնվող Դերնա քաղաքի տարածքը հռչակել է իսլամական էմիրություն։ Այս մասին ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ Տրիպոլիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Լիբիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալեդա Կաիման։ «Ալ-Քաիդայի ցանցը ամերիկյան Գուանտանամո բանտի նախկին բանտարկյալ Աբդելքարիմ ալ Խասադիի գլխավորությամբ էմիրություն է հռչակել Դերնան»,- մեջբերում է Կաիմայի խոսքը «Կոմերսանտ օնլայնը»։

Լիբիացի դիվանգետի խոսքով, Ալ-Քաիդան կարծում է, որ Լիբիայի դեպքերը կզարգանան Աֆղանստանի սցենարով, որտեղ նախագահ Նաջիբուլայի ռեժիմի անկումից հետո 1992 թվականին իշխանության եկավ «Թալիբան» զինված խմբավորումը։


Նշենք, որ Լիբիայում փետրվարի 15-ից ժողովրդական հուզումներ են սկսվել։ Ցուցարարները պահանջում են, որ երկիրը 42 տարի ղեկավարած Մուամար Քադաֆին իշխանությունից հեռանա։ Իշխանության  եւ ընդդիմության բախումների արդյունքում արդեն մահացել է 500 մարդ։