Հայաստանին Սփյուռքի նախարարությունն անհրաժեշտ է մի քանի պատճառներով, այդ թվում՝ նաեւ զուտ բարոյական տեսանկյունից: Հունվարի 16-ին ԱԺ նիստում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ սփյուռքի հետ հարաբերություններն անհրաժեշտ է պահպանել բարձր քաղաքական մակարդակում, իսկ դրա համար հարկավոր է համապատասխան նախարարություն ունենալ: «Բայց նախարարության առկայությամբ ամեն ինչ չի ավարտվում: Մենք պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք նաեւ դեսպանների աշխատանքին, որոնք մեր երկիրը ներկայացնում են արտասահմանում եւ սփյուռքում: Մենք դեսպաններ ենք ունեցել, որոնք չգիտեին, թե քարտեզի վրա որտեղ է տեղադրված երկիրը, ուր նրանք ուղարկվել էին, սակայն երկրի անվանը տեղեկանալով՝ անմիջապես այնտեղ էին վազում, որ արագորեն դառնան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Նրանք դեսպանատները ստենդի էին վերածել, որտեղ անգործության էին մատնված եւ զբաղված էին ինքնազմայլմամբ: Նրանք ոչ միայն չեն նպաստել Հայաստանի եւ այդ երկրների հարաբերությունների բարելավմանը, այլեւ հնարավոր եւ անհնարին ամեն ինչ արել են, որ այդ հարաբերությունները փչացնեն»,- դժգոհեց Պետրոսյանը:
Նա խորհրդարանականներին առաջարկեց ընդունել համապատասխան օրենսդրական նորմատիվներ, որոնք խորհրդարանին թույլ կտան այս կամ այն երկրում նշանակելուց առաջ դեսպանին Ազգային ժողով կանչել:





























