Գոնե մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղության։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին խաղաղության  պատրաստելու առնչությամբ։

«Եթե պատրաստ չլիներ, 1994 թվականին թե՛ Հայաստանի կողմը, թե՛ ԼՂՀ կողմը չէին ստորագրի զինադադարի համաձայնագիրը», - նշեց նա։

Իգիթյանը շեշտեց, որ հասարակության խաղաղության նախապատրաստելու մասին դրույթը գալիս է Վիեննայի պայմանավորվածությունից, որտեղ եւս դա նշված էր։

Հարցին, թե արդյոք ՀՀ նոր իշխանությունները պնդում են Վիեննայի եւ Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ նոր իշխանությունը հրաժարվել է պնդել Ադրբեջանին կատարել այդ պայմանավորվածությունները, Իգիթյանը նշեց․

«Չկա այդպիսի տպավորություն, կան այդպիսի ինֆորմացիոն հոսքեր, որոնք գալիս են նախկին իշխանություններից, որոնք ուզում են, որ նման բան լինի։ Իրականում նման բան չկա, որովհետեւ բոլոր հանդիպումներն ուղղված են Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը։ Նույնիսկ այս հանդիպումը կոչված էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն»։

Նշենք, որ Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, որ  նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ եւ համաձայնել, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել: