Վրաստանի ավանդական կրոնական համայնքների առաջնորդները, այդ թվում նաեւ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, փետրվարի 23-ին Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում  հանդիպել են  Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի հետ:

Վիրահայոց թեմի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ հոգեւոր առաջնորդները Վրաց պատրիարքին են ներկայացրել ավանդական  կրոնական համայնքներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու հիմնահարցը` հայցելով պատրիարքի միջնորդությունը եւ օժանդակությանը խնդրի լուծման համար:

Պատրիարք Իլիա Բ-ն, լսելով կրոնական առաջնորդների կողմից առաջ քաշած հարցը, հանձնարարել է պատրիարքարանի իրավաբանին՝ կրոնական առաջնորդների եւ հասարակական կառույցների հետ միասին աշխատել խնդրի առնչությամբ եւ առաջարկություն ներկայացնել պետական համապատասխան մարմիններին:

Հանդիպման ժամանակ եղել են տարբեր առաջարկություններ, սակայն կրոնական համայնքների ներկայացուցիչները պնդել են, որ հարկավոր է Վրաստանում գործող ավանդական կրոնական համայնքներին տալ հանրային իրավունքի կարգավիճակ:

Նման հանդիպում վերջերս կայացել էր նաեւ Վրաստանում հավատարմագրված դեսպանների հետ,  որի ժամանակ հոգեւոր առաջնորդները դիվանագետների ուշադրությանն էին ներկայացրել տարիներով չարչրկված կարգավիճակի եւ  սրբավայրերի վերադարձի հարցերը՝ խնդրելով նրանց աջակցությունը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու վարչական ղեկավար Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտոն, Ավետարանական–Մկրտական եկեղեցու ներկայացուցիչ Իլիա Օսիպաշվիլին, Լյութերական Եկեղեցու առաջնորդ Հանս Յոահիմ Կիդերլենը եւ Իսլամ ազգաբնակչության ախունդ Ալի Ալիեւը: