Արցախի անկախությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Հունվարի 18-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով՝ որոշակի մտավախություն կա, որ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչները կփորձեն արտաքին քաղաքականությունը վարել ոգեւորության ալիքի վրա, այլ ոչ սթափ դատողության: Այս համատեսքտում նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեւակերպումը, որ Հայաստանը բանակցություններ չի վարի Արցախի փոխարեն, բավականաչափ հավասարակշռված չէ: «Սա ենթադրում է, որ իշխանությունները տեղի ունեցողը բանակցություններ չեն համարում: Եթե դա այդպես է, ապա տեղի ունեցողը հասկանալի է: Հակառակ դեպքում՝ հասկանալի չէ: Գործող իշխանությունները, ինչպես եւ նախորդը, կապ չունեն փորձագիտական հանրույթի հետ: Մարդկանց թվում է, որ պաշտոն զբաղեցնելով՝ իրենք խելոքանում են: Դա այդպես չէ: Անցած տարիներին թույլ տրված սխալները խոսում են այն մասին, որ նաեւ համապատասխան ծառայություններ չկան»,- կարծում է Մանասյանը: Նա, միաժամանակ, շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ծագել է ոչ թե 1988, այլ 1918 թվականին, անցյալ տարի լրացավ ղարաբաղյան հակամարտության 100 տարին:
Փորձագետը նշեց, որ Բաքուն ուշադիր հետեւում է Հայաստանի իրադարձություններին եւ չի մոռանում մեկնաբանել: «Իսկ մենք չկարողացանք ստեղծել Ադրբեջանի համապատասխան կերպարը, որը հակահայկական քաղաքականություն է վարում: Աշխարհին ցույց չտվեցինք, որ Նախիջեւանը միջազգային փաստաթղթերի հիման վրա չի պատկանում Ադրբեջանին: Որ Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքաին ամբողջականության հետ»,- եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը:





























