«Գազպրոմի» հետ Վրաստանի բանակցությունները ռուսական գազը Հայաստան տարանցելու նոր պայմանների համաձայնագրի շուրջ կավարտվեն առաջիկա երկու շաբաթում։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայում «Գազպրոմի» հետ քննարկվում են ռուսական գազը Հայաստան տարանցելու համաձայնագրի նոր պայմանները, մինչ այդ բանակցությունների ավարտը նախորդ գործարքի (ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 31-ին) պայմանները մնում են ուժի մեջ»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններից հետո, որոնք նախատեսվում է ավարտել առաջիկա երկու շաբաթում, դրանց արդյունքների մասին կհայտարարվի»։
Հունվարի 18-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել էր, որ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազը տարանցողի դերից։
Մինչեւ 2017թ. հունվար Վրաստանը գազի տարանցման համար ստանում էր տարանցվող հումքի ընդհանուր ծավալի 10%-ը։ 2017թ. սկզբին ստորագրված նոր պայմանագրի համաձայն՝ 2017թ. ռուսական կողմը Վրաստանին վճարում էր այդ տարանցման գումարը եւ մասամբ՝ հումքով, իսկ 2018-ին՝ միայն ֆինանսական միջոցներով։ Վրաստանն ինքը վերջին 10 տարիներին գրեթե հարյուր տոկոսով ապահովել է գազի պահանջարկը ի հաշիվ Ադրբեջանի մատակարարումների։




























