Փետրվարի վերջում ֆրանսիական կառավարությունը կդիտարկի միջազգային տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ հարկ սահմանելու օրենքի նախագիծը. խոսքը վերաբերում է առաջին հերթին «մեծ քառյակի» ընկերություններին՝ Google, Amazon, Facebook и Apple (GAFA), հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նրա խոսքերով՝ հարկը «վերաբերելու է թվային ծառայություններ առաջարկող եւ աշխարհում 750 մլն, իսկ Ֆրանսիայում 25 մլն եվրո շրջանառություն ունեցող բոլոր ընկերություններին»: Նախարարը միջազգային ընկերությունների համար հարկ սահմանելն անվանել է «21-րդ դարի մարտահրավեր» եւ «արդարության հարց»: Կառավարությունը մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետներում դիտարկել օրենքի նախագիծը խորհրդարանում: Ակնկալվում է, որ նոր օրենքի շնորհիվ Ֆրանսիայի բյուջեն կստանա տարեկան հավելյալ 500 մլն եվրո:
Բացի այդ, Լը Մերը խոստացել է պայքարել հարկերից խուսափելու դեպքերի դեմ՝ նախաձեռնելով վերանայել միջազգային հարկային կանոնները: Ըստ նրա՝ օրենսդիրները պետք է «հետեւեն գումարներին, որոնք հարկերից խուսափելու նպատակով ծախսվում են այլ ուղղությամբ»:




























