Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մեկնել է ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի 64-րդ նստաշրջանին մասնակցելու համար, որն անցկացվում է Նյու Յորքում՝ սեպտեմբերի 15-ից 30-ը։
Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի առաջնորդը ելույթ կունենա Նյու Յորքի ժամանակով 17։30-ին։
Ահմադինեժադին այցի ընթացքում ուղեկցում են նախագահական ապարատի ղեկավար Ռահիմ Մեշային, փոխնախագահ Մուջաթափա Սամարա Հաշիմին, ինչպես նաեւ մի քանի պատգամավորներ։ Սա Ահմադինեժադի Նյու Յորք կատարած հինգերորդ այցն է, որի նպատակը ՄԱԿ-ի ասսամբլեայի տարեկան նստաշրջանին մասնակցելն է։
Ինչպես հայտնում է Irna գործակալությունը, այցից առաջ Ահմադինեժադը լրագրողներին հայտնել է, որ Իրանը շահագրգռված է բոլոր ժողովուրդների անվտանգության եւ խաղաղության հաստատմամբ։
Նա նշել է, որ իրանցի ժողովուրդն աշխարհում առկա խնդիրների վերաբերյալ ունի որոշումներ եւ դիրքորոշումներ, իսկ ՄԱԿ-ի գագաթնաժողովը սեփական տեսակետը ներկայացնելու լավ առիթ է։
Ահմադինեժադը նաեւ հայտարարել է, որ ինքը գլխավոր ասսամբլեայի կողասրահներում պետք է հանդիպի իր գործընկերներից մի քանիսի հետ։




























