Մարտի 8-ին Երեանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի ժամանակ աշխարհահռչակ փոփ-երգչուհի Սառա Քոնորը հայ հանդիսատեսին կներկայացնի վեց երգ, որոնցից մեկը՝ բոլորովին նոր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց համերգի կազմակերպիչ «VH Music» ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը։
«Խոսքը ոչ թե պրեմիերայի, այլ պարզապես հայտնի հիթերի կողքին առաջին անգամ հնչող նոր երգի մասին է»,- պարզաբանեց նա։
Հարցին՝ կա՞ն երաշխիքներ, որ համերգը չի հետաձգվի նաեւ երկրորդ անգամ (այն նախօրոք պլանավորածի համաձայն պետք է կայանար փետրվարի 19-ին) Վահե Հարությունյանը հավաստիացրեց, որ նման բան չի կարող լինել։ «Դա կազմակերպչական կազմի փոփոխության հետ կապված թերություն էր, որն արդեն վերացվել է»,- հավաստիացրեց նա՝ միաժամանակ հերքելով լուրերը, թե երգչուհին Հայաստան գալ հրաժարվել էր տեխնիկայի վատորակ լինելու պատճառով։
Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ Քոնորի մենեջերների գերազանց աշխատանքի շնորհիվ երգչուհին լիարժեք պատկերացում ունի Հայասանի մասին եւ «գիտի, թե ուր է գալիս»:
Վերջում «VH Music»-ի տնօրենը տեղեկացրեց, որ համերգի տոմսերը կարժենան 3 000-30 000 դրամ, իսկ երեկոն, իրենց հաշվարկով, կտեւի շուրջ 2 ժամ։
Նշենք, որ ըստ մամուլում ավելի վաղ շրջանառվող լուրերի՝ Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը հետաձգվել էր տեխնիկական պատճառներով։ Երգչուհուն, իբր, չէր գոհացրել Հայաստանում առկա տեխնիկան եւ նա պահանջել է իրեն ապահովել առավել բարձորակ տեխնիկական սարքավորումներով։




























