Բժշկական ոլորտի ներկայացուցիչները այսուհետ կունենան նոր երկու կայք՝ www.doctorsjob.am եւ www.med-club.am։ Փետրվարի 24-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցան կայքերի շնորհանդեսները։ DoctorsJob.am-ի ստեղծմանն աջակցել է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը, կայքը պատրաստել է X-TECH ընկերությունը։ Med-club.am-ը բժշկական սոցիալական ցանց է, որը նախաձեռնել է ԵՊԲՀ-ն:

CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի խոսքով՝  այս ծրագիրը կնպաստի գործատուների եւ շրջանավարտների միջեւ ամուր կապի ստեղծմանը։ «Բուհում առավել հստակ կպատկերացնեն շուկայի պահանջարկը եւ ըստ այդմ կկառուցեն իրենց ուսումնական ծրագրերը»,-ասաց Ա. Ղազարյանը։
X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանը ներկայացրեց DoctorsJob.am եռալեզու կայքի կառուցվածքը, որն, ըստ նրա, ոճով նման է բժշկական արտասահմանյան կայքերին եւ ունի web2.0 լուծումներ:

Նշենք, որ սա CAPS-ի իրականացրած վերջին նախագիծն է՝ ծրագրի ժամկետը ավարտվում է փետրվարին։ Սակայն ամռանը ԱՄՆ ՄԶԳ-ն նոր ծրագիր է սկսելու, որը կապահովի CAPS-ի ծրագրերի շարունակականությունը։:

Ինչ վերաբերում է med-club.am-ին, ապա այն իր մեջ ներառելու է բժշկական թեմաներով ֆորումներ, բլոգեր, նպաստելու է ԲՈՒՀ-ի շրջանավարտների միջեւ կապին։