Ղարաբաղյան հարցում զիջումները կարող են կողմերի համար վատ հետեւանքներ ունենալ: Հունվարի 22-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց պատմագիտության դոկտոր, ՌԳԱ Հմաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը:

Նրա խոսքով հայ եւ ադրբեջանական հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին գաղափարները դժվար թե կարող են Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունների համար առանց հետեւանքների իրականացվել:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը բոլոր հնարավոր տարբերակներից ամենադժվարն է, քանի որ դա կործանարար հետեւանքներ կարող է ունենալ այն կողմի համար, որը զիջումների կգնա: Հայ եւ ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն իրադարձությունների նման զարգացմանը», - բացատրեց նա:

Կռիլովը հավելեց, որ միջազգային դիկտատի միջոցով խնդրի լուծումը կարող է նաեւ վատ հետեւանքներ ունենալ, օրինակ, 1990-ականներին Բալկաններում տեղի ունեցածը:

Անդրադառնալով Սիրիա սակրավորների եւ բժիշկների խումբ ուղարկելու Հայաստանի իշխանությունների որոշմանը, փորձագետը նշեց, որ սա  մեծ առաջընթաց է իրավիճակի կայունացման գործում ներդնում ունենալու առումով այն պասիվ արձագանքի համեմատ, որը կար հայ հասարակությունում մի քանի տարի առաջ քրիստոնյաների հալածանքների ժամանակ:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված պատմությանը՝ նա նկատեց, որ այժմ կոնկրետ որոշումների պետք չէ սպասել:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված բոլոր գործընթացներն, ըստ ամենայնի, կուլուարներում են որոշվում: Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի առաջարկած տարբերակները չիրականացվեցին, իսկ Հայաստանի առաջարկած իրավական փոփոխությունների կատարումը, քննարկման փուլում ենէ», - եզրափակեց նա: