Գյումրիում ինքնաթիռներ են նախագծելու, որի հեղինակը տեխնոպարկի տնօրինությունն է: Այսօր՝ փետրվարի 24-ին Գյումրի են ժամանել «Միկա Պրոգրեսինգ» ընկերութան մասնագետներն եւ հանդիպել գյումրեցիների հետ: «Իրագործել մեր պլաններն հնարավոր է, եթե կան ավիաշինության մասնագետներ, ավիաշինությունը հեշտ գործ չէ եւ նույնիսկ 1-2 տարում պատրաստել նման մասնագետ հնարավոր չէ»,- ասում է ընկերության գործադիր տնօրեն Ռոման Ոամազանովը:

Գյումրիի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ուղղվածության մասնագետներն էլ համաոզված են, որ օդանավ նախագծել Գյումրիում պարզապես անհնար է, քանի որ չկան համապատասխան մասնագետներ: «Պետք է գնահատել ռեալ իրականությունը, գաղափարը շլացուցիչ է, բայց մենք չունենք բազա, դպրոց»,- ասում է Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Պապոյանը:

«Մասնագետ պատրաստող մեկ բուհ ունենք, այն էլ դիմորդ ու ուսանող չունի.   ավիաշինության գիտությունն էլ այլեւս չի ուսումնասիրվում»,- հավելել է ֆիզիկայի մասնագետ Ֆելիքս Թորոսյանը:

Գյումրիի տեխնոպարկի տնօրենը, սակայն, լավատես է. «Ես ոչ միայն լավատես , այլեւ վստահ եմ: Գիտեմ, որ լավ կստացվի: Երեւանում էլ թերահավատորեն էին տրամադրված: Կադրեր պատրաստելու խնդիրն էլ տեխնոպարկը կհոգա»,- ասում է Գյումրիի տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանը: