Ղարաբաղյան խնդրի հետ կապված «բնակչությանը խաղաղության պատրաստելու» հռետորաբանությունը դատարկ հնչյուն է, եթե այն չի ամրագրվում թափանցիկությամբ, որն անհրաժեշտ է, որպեսզի հանրությունն իսկապես հիմնավոր որոշումներ կայացնի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը։
«Առանց թափանցիկության, նման կոչերը կարող են թվալ «դուք կարող եք վստահել ինձ» եւ «ձեզ պետք չէ իմանալ» մտքերի արանքում ինչ-որ բան», - գտնում է նա։
Նա մի քանի հարց է տալիս, այդ թվում նաեւ այն հարցը, թե արդյոք Մադրիդյան սկզբունքներն են բանակցությունների հիմքում, ին՞չ դեր է Արցախը խաղալու այս գործընթացում, ի՞նչ երաշխիքներ կարող են առաջարկվել նոր ագրեսիայի դեմ եւ այլն:
«Ավելի լայն իմաստով, ինչպե՞ս կկնքվի գործարքը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում՝ եթե այն իրականացվի:
Օրինակ, եթե նախօրոք Արցախը հանձնի հողերը՝ անվտանգության դիմաց, ապա Ադրբեջանը բարեխղճորե՞ն կարձագանքի`կատարելով Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Թե՞ Ադրբեջանը այդ զիջումը կընդունի որպես թուլության նշան՝ օգտագործելով իր նոր առավելությունն այդ վայրերում`ապահովելու համար (ինչպես որ Իլհամ Ալիեւն է բազմիցս խոստացել) հետագա տարածքային ձեռքբերումները, մինչեւ ամբողջ Արցախը Բաքվի հսկողության ներքո վերցվի՝ հայերո՞վ, թե՞ առանց նրանց:
Մենք կարող ենք լավագույնի հույս ունենալ, բայց մենք պետք է հաշվի առնենք մեր պատմությունը եւ աշխարհագրությունը եւ նախապատրաստվենք վատագույնին: Անզգույշ մտքերի ժամանակը չէ: Ինչպես ասում են, մենք պետք է բաց հայացքներ ունենանք, բայց ոչ այնքան, որ մեր գլուխը կորցնենք», - գրում է Համբարյանը:





























