Մարդիկ պետք է հավասար հասանելիություն ունենան արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներին, կարծում է Salesforce-ի գլխավոր տնօրեն Մարկ Բենիոֆը: Եթե մեքենայական ուսուցումը ընտրյալների արտոնությունը դառնա, աշխարհը կբաժանվի կաստաների: Այդպիսի խտրական հասարակության օրինակ է արդեն դառնում Սան Ֆրանցիսկոն, փոխանցում է HighTech-ը:

Բենիոֆն առաջարկել է արհեստական ինտելեկտին հասանելիությունը ճանաչել մարդու անկապտելի իրավունք՝ նույնպիսի, ինչպես հասանելիությունը ջրին, օդին եւ սնունդին: Նա այս մասին հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս:

«Ներկա պահին ԱԻ ամենահզոր տեխնոլոգիաներ ունեն մի քանի երկրներ եւ մի քանի ընկերություններ»,- շեշտել է Բենիոֆը: Ձեռնարկատիրոջ խոսքով՝ մեքենայական ուսուցման զարգացած համակարգերին հասանելիությունը մեծ թվով առավելություններ կտա:

«Նա, ով կտնօրինի ԱԻ-ն, մնացյալից ավելի խելացի, առողջ եւ հարուստ կլինի: Բնականաբար, սպառազինությունն էլ ավելի զարգացած կլինի»,- Business Insider-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Բենիոֆի կարծիքով՝ այս ոլորտում անվերապահ առաջնորդներ չպետք է լինեն: Այլապես հասարակության խտրականության եւ հարուստների ու աղքատների միջեւ անհավասարության խորացման վտանգ կա: Հիվանդությունները, կրթական ցածր մակարդակը, աղքատությունը եւ անօրինությունը նրանց անխուսափելի հատկանիշները կդառնան, ովքեր զարգացած տեխնոլոգիաներին հասանելիություն չունեն:

«Մենք պետք է մեզ հարց տանք՝ արդյոք այսպիսի՞ աշխարհում ենք ցանկանում ապրել»,- նշել է Բենիոֆը:

Salesforce-ի ղեկավարն ընդգծել է, որ մռայլ հակաուտոպիան կարող է մարմնավորվել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ ամեն տարի անհավասարությունն արդեն խորանում է: