Anonymous-ի հաքերները հրապարակել են նոր փաստաթղթեր, որոնք, ինչպես իրենք են վստահեցնում, վերաբերում են բրիտանական Integrity Initative պետական նախագծին, որը զբաղվում է Ռուսաստանի դեմ տեղեկատվական գործունեությամբ։ Integrity Initiative-ն ինքը առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել այս փաստաթղթերի գոյությունը։ Ընդ որում, նախագիծը ընդունել է, որ Anonymous-ի հրապարակած փաստաթղթերն իրենն են՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նոր հրապարակումը լրացուցիչ տեղեկատվություն է հաղորդում Պետական կառավարման ինստիտուտի տնօրեն Քրիստոֆեր Դոնելիի մասին։ Ասվում է, թե իբր նա նախաձեռնել է ռազմական հետախուզության մասնագետների խմբի (Specialist Group Military Intelligence, SGMI) ստեղծումը եւ զբաղվել է դրա շարքերը համալրելով։

Դոնելիին արդեն հաջողվել է հավաքագրել ոչ քիչ թվով բրիտանական քաղաքացիների, ովքեր հասել են որոշակի բարձունքների, եւ նա այս մարդկանց միջոցով ուզում է Արեւմուտքին հրահրել Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ պատերազմի՝ ասվում է հաքերների հայտարարության մեջ։

Հայտնում են նաեւ, որ խումբը ներառում է քաղաքացիական փորձագետների կարգավիճակով պահեստայինների։ Հաքերները հրապարակել են Դոնելիի կողմից ներգրավված գործակալների ցուցակը, որի կազմում 51 մարդ կա՝ նրանց անուն-ազգանուններով, հեռախոսահամարներով, էլեկտրոնային փոստի հասցեով։ Այդ մարդկանց թվում է Պետական կառավարման ինստիտուտի ավագ մասնագետ Ալեքս Ֆինենը, ում հաքերները անվանում են Դոնելիի «աջ ձեռք»։ Հենց Ֆինենն է հարցազրույց վարում խմբի անդամության թեկնածուների հետ