Google ընկերությունը անցած հինգ ամիսներին չի արձագանքել Հարավային դաշնային համալսարանի (ՀԴՀ) շրջանավարտների թվից սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոյին հանելու հարցապնդմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով բուհի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Google-ի որոնման մեջ «Ռոստովի պետական համալսարանաի նշանավոր շրջանավարտներ» հարցմանը համակարգը բերում է նաեւ Չիկատիլոյի անունը, որը հեռակա սովորել է բուհի փիլիսոփայական ֆակուլտետում։ 2018թ. օգոստոսի վերջին ՀԴՀ-ն պաշտոնապես բողոք է ուղարկել Goоgle-ին՝ խնդրելով հանել Չիկատիլոյի անունը որոնման արդյունքներից։
«Google-ը այդպես էլ չի պատասխանել։ Մենք գրել ենք մի քանի անգամ։ Միակ նամակը, որ ստացել ենք Google-ից, ինտերնետ-ռոբոտից, այն մասին է, որ մեր նամակը ընդունվել է եւ կդիտարկվի»,- ասել են մամուլի ծառայությունում։
ՀԴՀ շրջանավարտների թվում են ռուս գրող, դրամատուրգ, հրապարակախոս, բանաստեղծ, հասարակական եւ քաղաքական գործիչ, գրականության Նոբելյան մրցանակակիր Ալեքսանդր Սոլժենիցինը, խորհրդային եւ ռուս քիմիկոս, ՌԳԱ ակադեմիկոս Վլադիմիր Մինկինը։
Սերիական մարդասպան ու մոլագար Անդրեյ Չիկատիլոն 1978-1990-ական թթ. կատարել է 53 ապացուցված սպանություն. նրա զոհն են դարձել 21 տղա, 14 աղջիկ եւ 18 կին։ Չիկատիլոն ինքը խոստովանել է 56 սպանություն։ Հանցագործությունները կատարվել են Ռոստովի մարզում, Կրասնոդարի երկրամասում, Ադիգեյում, ինչպես նաեւ Ուզբեկստանում, դրանք բոլորն էլ աչքի էին ընկնում առանձնակի դաժանությամբ եւ ուղեկցվել են սեռական այլասերվածությամբ։ 1994թ. փետրվարին Չիկատիլոն գնդակահարվեց նովոչերկասկյան բանտում։




























