ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա խորհրդականները շփվել են Ռուսաստանի ներկայացուցիչների, Wikileaks-ի եւ միջնորդների հետ ավելի քան 100 անգամ 2016թ. նախագահական ընտրարշավի ժամանակ եւ մինչեւ երդմնակալությունը, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով The New York Times-ում հրապարակված հետաքննությանը։
«2016թ. նախագահական ընտրարշավի ժամանակ եւ անցումային շրջանում Դոնալդ Թրամփը եւ քարոզարշավի առնվազն 17 ներկայացուցիչ ու նրա խորհրդականները շփվել են ռուսների, Wikileaks-ի ներկայացուցիչների կամ (այդ շփումների) միջնորդների հետ»,- գրում է թերթը։
Պարբերականը վկայակոչում է այն հետաքննությունը, որի համար լրագրողները վերլուծել են The New York Times-ի լուրերը, ԱՄՆ Կոնգրեսին փոխանցված փաստաթղթերը, դատական գրառումները՝ կապված հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության հետ ՀԴԲ-ում։
Նշված շփումների մեջ խոսքն ավելի քան 100 անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների, էլեկտրոնային եւ թվիթերյան գրագրության մասին է։ Թերթը նշում է, որ Թրամփը եւ նրա քարոզարշավի ներկայացուցիչները քանիցս հերքել են նման շփումները։
Թերթի տվյալներով՝ Թրամփի հետ մի քանի անգամ շփվել են գործարար Արաս Աղալարովը եւ նրա որդին՝ Էմին Աղալարովը։ Երկու գործարարն էլ օգնել են 2016-ին Trump Tower-ում հանդիպման կազմակերպմանը։
Պարբերականը պնդում է, որ խոսքը Թրամփի վեց անձնական հանդիպումների մասին է, նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի 17 շփումների, նրա որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի առնվազն 17 շփումների, խորհրդական Ջորջ Պապադոպուլոսի 12 շփումների, նրա քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի վեց շփումների, նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հինգ շփումների, նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի 18 շփումների մասին։





























