Չեղարկվել է վաղվա Երեւան-Մոսկվա գիշերային չվերթը: Այդ մասին վկայում են Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները:

Նախորեին Լուրեր Հայաստանից-NEWS.am-ը հաղորդել էր, որ ձյան ուժեղ տեղումների պատճառով չեղարկվել էր Երեւան-Մոսկվա չվերթը: Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ ձյան աննախադեպ տեղումները շարունակվում են:

Մասնավորապես, Կոմմերսանտը՝ հղում կատարելով «Յանդեքս.Ռասպիսանիյա»-ին, նշում է, որ մոսկովյան օդանավակայաններում 47 չվերթներ հետաձգվել են, իսկ 11-ը՝ չեղարկվել ձյան տեւական տեղումների հետեւանքով:

Ըստ ծառայության տվյալների՝ ժամը 9:07-ի դրությամբ Վնուկովոյում 4-ը հետաձգվել են, 2-ը՝ չեղարկվել, Դոմոդեդովոյում 9 չվերթներ հետաձգվել են, եւս 9՝ չեղարկվել, իսկ Շերեմետեւոյում հետաձգվել են 34 չվերթներ:

Հիշեցնենք, որ շաբաթ՝ հունվարի 26-ին, ռուսական մայրաքաղաքում տեղացել է 10մմ ձյուն. տեղումների քանակը գերազանցել է 1999 թվականի ռեկորդը: Ըստ Հիդրոմետկայանի տվյալների՝ հունվարի 27-ին եւ 28-ին ձյան տեղումները կշարունակվեն, սակայն օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով -3-5-ի ըստ Ցելսիուսի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում տեղումները կկազմեն հունվարյան նորմայի մեկ հինգերորդը: Ռուսաստանի մայրաքաղաքում ամպամած է, ձյան տեղումներն ուղեկցվում են քամու ուժգնացմամբ, բքով եւ սառնամանիքի մեղմացմամբ: