Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղը իր խորը անհանգստությունն է հայտնում փետրվարի 25-ին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահի կողմից Ֆրանսիայում հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծի հնարավոր շահարկման հետ կապված:

Նման անհանգստության համար հիմք հանդիսանում վերջերս Wikileaks-ի կողմից գատղնազերծած փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է «թաղել» Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող ֆրանսիական օրինագիծը Սենատում:

Մասնաճյուղն իր աջակիցների հետ միասին կոչ է անում Ֆրանսիայի նախագահին`չափազանց զգույշ լինել Թուրքիայի ուղղությամբ քաղաքական որոշումների կայացման հարցում` ելնելով զուտ սեփական քաղաքական շահերից:

«Հարկ է միայն նշել, որ 2012թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում Սարկոզիի ընտրվելու համար վճռորոշ կարող են լինել ոչ թե 80-հազարանոց թուրքական ընտրազանգվածի, այլ շուրջ կեսմիլիոնանոց ֆրանսիահայ համայնքի ձայները:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղը հայտնում է իր պատրաստակամությունը` միանալ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հնարավոր նախաձեռնությանը, ըստ որի օրինագծի ընդունմանը Սարկոզիի միջամտության դեպքում կոչ է անելու ֆրանսիահայությանը երկրի հաջորդ նախագահական ընտրություններում չքվեարկել Սարկոզիի օգտին:

Ֆրանսիայի նախագահը, Թուրքիայի նախագահը եւ ընդհանրապես միջազգային ողջ հանրությունը պետք է հասկանա, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը անկասելի գործընթաց է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ աշխարհում: Ուստի, քաղաքական շահարկումներն այդ հարցում, որ դատապարտելի են, որեւէ արդյունք չեն հասնի»,- ասված է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տարածած հաղորդագրության մեջ: