ՆԳՆ աշխատակիցները Ռուսաստանի ԱԴԾ-ի հետ միասին ձերբակալել են Տրետյակովյան պատկերասրահից Քուինջիի կտավն առեւանգելու մեջ կասկածյալին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
«Ռուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ Ռուսաստանի ԱԴԾ-ի հետ միասին, օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալել են Քուինջիի կտավի գողության մեջ կասկածյալին», - ասել է նա:
Բացի այդ, ՆԳՆ-ի տվյալներով, հայտնաբերվել է գողացված կտավը:
«Քրեական գործի նախաքննության շրջանակներում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիրի արդյունքում հայտնաբերվել է այդ հանցագործության կասկածյալը: Պարզվել է, որ նա 31-ամյա տղամարդ է, որին ձերբակալել են Մոսկվայի մարզի Զարեչիե գյուղում: Նա քննիչներին հայտնել է, որ գողացված նկարը թաքցրել է Օդինցովո շրջանում կառուցվող շենքի տարածքում, որտեղ այն բռնագրավվել է ոստիկանության կողմից», - ասել է Վոլկը:




























