Երբ խոսում են բանակցությունների մասին, դրանք պետք է պաշտոնական փաստաթղթի շուրջ արվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ժողովուրդներին պատրաստել խաղաղության, նաեւ Հայաստանում Ադրբեջանի շուրջ խաղաղության շուրջ հանրային հարթակում քննարկումներ են ընթանում:
«Այսօր բանավոր են գնում բանակցություններ, եւ նրանք, որոնք այսօր ասում են, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ես համոզված եմ, հորդորում եմ, առաջարկում եմ, որ համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրի ղեկավարները նախ պետք է տարածաշրջանում կնքեն խաղաղության պայմանագիր: Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, չունենք այն փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում են՝ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության:
Հիմա ես հարց եմ տալիս՝ ժողովուրդ, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղության: Մենք հո կռվարար ժողովուրդ չենք, մենք միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել, չենք հրահրել: Հայաստանը եւ այն ժամանակ ԼՂԻՄ-ը պարտադրված մտել ենք պատերազմի մեջ, հայտնվել շրջափակման մեջ: Մենք ընդունել ենք մեզ պարտադրված պատերազմը: Մենք այն ժամանակ էլ 1988-ին, երբ սկսվեց ազգային ազատագրական շարժումը, հիմք ընդունեցինք ԽՍՀՄ Սահմանադրության ազգերի ինքնորոշման մասին համապատասխան հոդվածը: 1921-23 թվականներին, երբ ԼՂԻՄ-ը բռնակցեցին Ադրբեջանին եւ մենք չունեցանք այս ստատուսը: Դրա դիմաց ստացանք պատերազմ»,-հայտարարեց Բալասանյանը:
Նրա խոսքով, գրավոր փաստաթուղթ է պետք, որ Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում ապրող ժողովուրդը, Ռուսաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները իմանան, թե ինչի մասին է խոսքը. «Իհարկե, այստեղ որեւէ մեկը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց պատրաստվելու համար մեզ փաստաթուղթ է պետք: Պետք է Մինսկի խմբի հովանու ներքո կնքվի խաղաղության այդ պայմանագիրը»:
Հարցին, թե այդ դեպքում որն է համանախագահների նման ուղերձի իմաստն ու տրամաբանությունը, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ դրանք քայլեր են, որոնք ուղղված են, որ հետագայում ունենանք այդ փաստաթուղթը»:
Նա վստահություն հայտնեց, որ բանավոր խոսակցությունները բերելու են ամենավատ վիճակին. «Քաղաքականության մեջ բանավոր հարցեր չեն լուծում»:











