Հայաստանի համար ԼՂ բանակցային գործընթացում գերակա են Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցերը, որոնց շուրջ են ընթանում բանակցությունները։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմն ուշադրություն է դարձնում բոլոր այն հանգամանքներին, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին. «Դրանք շատ էական եւ կարեւոր էլեմենտներ են այս գործընթացում»,–նշեց ԱԳ նախարարը։

Մնացականյանը հավաստիացրեց՝ բանակցային գործընթացում  որեւէ կերպ չեն շեղվել այն ամենից, ինչի մասին հրապարակային խոսել են. «Մենք որեւէ կերպ չենք շեղվել այն  ամենից, ինչ ասել ենք։ Մենք ընդգծել ենք բոլոր այն հիմնական սկզբունքները, որոնք վերաբերվում են բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում։  Ամենակարեւորը, որ մենք ասել ենք, որ Հայաստանի համար ստատուսի եւ անվտանգության հարցերը մնում են գերակա։ Սրա շուրջ է բանակցությունը գնում։ Մի սպասեք մի բան, որ դուք չիմանաք։ Երկխոսությունը եղել է դրա շուրջ»։

Նախարարի համար զարմանալի եւ տարակուսելի են պարտվողական տրամադրությունները այս առնչությամբ, նա վստահեցնում է՝ պետք չէ մտածել, որ խափանելու ենք իրենց որդեգրած դիրքորոշումը.  «Ինձ համար զարմանալի է եղել այն, թե մենք ինչ–որ պարտվողականության տրամադրություն ունենք մեր հասարակությունում կամ ինքնավստահությունն ենք կորցրել։ Ես վստահ եմ, որ մենք նման բան չունենք մեր հասարակության մեջ, եւ պետք չէ մտածել, թե մենք խափանելու ենք մեր այդ դիրքորոշումը»։

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց նաեւ՝ «մենք պարտվողական չենք եղել եւ չենք լինելու»։