Ես որեւէ մեկին միանալու ցանկություն չունեմ: Ես կանգնում եմ արդարադատության կողմում: Հունվարի 28-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի արդոք Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության ստորագրահավաքի ակցիային:

Նա վստահություն հայտնեց, որ արդարադատությունը կիրականացվի պատշաճ կերպով՝ ե՛ւ հոկտեմբերի 27-ի գործով, ե՛ւ 1996 թվականի նախագահական ընտրությունների (երբ ընդդիմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց զանգվածային կեղծումների համար – խմբ.): «Անհրաժեշտ է բոլոր մութ էջերը փակել»,- ասաց Բալասանյանը՝ հավելելով, որ բոլորը մտահոգված են այս հարցով:

Ընդ որում՝ նա հետաքրքրվեց, թե որտեղ են գտնվում Հայաստանի նախկին նախագահները եւ նշեց, որ որպես քաղաքացի ինքն այս հարցը տալու իրավունք ունի: «1995 թվականի շքերթին մասնակցել ենք բոլորս՝ թե՛ հրամատարները, թե՛ բոլոր ղեկավարները: Սակայն 1995 թվականից հետո ես ոչ մի անգամ մեր պետական միջոցառումներին չեմ տեսել առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին: Այսօր մեր Զինված ուժերի կազմավորման օրն է: Այս երկիրը քանի պաշտպանության նախարար է ունեցել: Միայն ներկայիս Դավիթ Տոնոյա՞նն է: Իսկ որտե՞ղ են պաշտպանության մյուս նախարարները: Մենք այսպես ապրելու իրավունք չունենք: Այսպես չի կարելի, քանի որ այս միջոցառումը պետական մակարդակի է: Անկախ մեր հայացքներից, անկախ անձերից, զբաղեցրած պաշտոնից, անկախ աչքերի գույնից, մենք պարտավոր ենք բոլորին հարգանքով վերաբերվել: Լավ, մի՞թե մենք ոչ մի լավ նախագահ չենք ունեցել, որ կարողնայինք նրա կենացը խմել»,- ասաց Վիտալի Բալասանյանը: