Իրանը կարող է սկսել հարձակողական ռազմավարության իրականացումը՝ երկրի ազգային շահերին ուղղված սպառնալիքի դեպքում: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, երկուշաբթի հաղորդել է «Tasnim» լրատվական գործակալությունը:
«Մենք այլ երկրների տարածքների նկատմամբ ոչ մի հավակնություն չունենք, բայց սեփական շահերը պաշտպանելու համար թույլ ենք տալիս օգտագործել հարձակողական ռազմավարություն», - ասել է Բաղերին: Նա ավելացրել է, որ նման մոտեցում կարող է կիրառվել, որպեսզի «հակառակորդը հրաժարվի Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի մտքից»:
Զինվորականի ասելով՝ «Իրանը չի կարող անվերջ ձեռքերը ծալած նստել, եթե ազգի շահերին եւ նրա անվտանգությանն ուղված սպառնալիք է ծագում»: «Այդ պատճառով փոփոխություններ են կատարվել ռազմական զորավարժությունների ծրագրում, որոնք այս տարի անցկացվել են Հորմուզի նեղուցում, Պարսից եւ Օմանի ծովածոցերում, ինչպես նաեւ՝ ցամաքում եւ օդում: Անհրաժեշտության դեպքում, զինված ուժերը պետք է պատրաստ լինեն փոխել ռազմավարությունը», - նշել է Գլխավոր շտաբի պետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























