Թեհրանի  հրթիռային ծրագրի առկայությունը, որն անհրաժեշտ է սեփական անվտանգության ապահովման համար, բանավեճի առարկա չի հանդիսանում: Tasnim-ը հայտնում է, որ այս մասին ասել  է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին:

«Հրթիռային ծրագրի ոլորտում մեր քաղաքականությունը հստակ է  եւ պաշտպանական նպատակներով Իրանի հրթիռային զինման մասին հարցը չի կարող քննարկումների առարկա լինել: Դա անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության համար, -ասել է Կասեմին:

Անկասկած, մենք չենք վերանայի մեր մոտեցումն այս խնդրի նկատմամբ, քանի որ պետք է ի վիճակի լինենք պաշտպանել մեզ տարածաշրջանում, ուր արեւմտյան երկրները առաքում են իրենց զենքը»:

Ուրբաթ Reuters-ը, վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանին հայտնել էր, որ Փարիզը պատրաստվում է  Թեհրանի նկատմամբ հերթական պատժամիջոցները կիրառել այն դեպքում, եթե Թեհրանի  հրթիռային ծրագրի բանակցություններում առաջընթաց չգրանցվի:

Հունվարի կեսին Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն Իրանին կոչ էր արել  «անհապաղ դադարեցնել ցանկացած գործունեություն, որը կապված է միջուկային զենքի առաքման բալիստիկ հրթիռների հետ, ներառյալ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների օգտագործմամբ արձակումները», գրում է ՏԱՍՍ-ը: