Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Խանը Հայաստանում կքննարկի ԵՄ-ի կողմից բարեփոխումներին աջակցությունը եւ տարածաշրջանում երկրի հետագա ներգրավման անհրաժեշտությունը։
«Ես անհամբեր սպասում եմ Հայաստան այցելելու եւ նոր կառավարության հետ հանդիպումներ անցկացնելու հնարավորությանը։ Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵՄ-Հայաստան հարաբերություններին եւ պատրաստ ենք ուժեղացնել մեր աջակցությունը քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված բարեփոխումներ անցկացնելու երկրի ջանքերին։ «Արեւելյան գործընկերությանը» Հայաստանի հավատարմությունը կարեւոր գործոն է մեզ համար, եւ մենք կշարունակենք խրախուսել Հայաստանին՝ տարածաշրջանային համագործակցության, բարգավաճման եւ կայունության հարցում։ Դա հատկապես կարեւոր է այս տարի, երբ մենք տոնում ենք «Արեւելյան գործընկերության» 10 ամյակը»,- նշվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։





























