Մարտի կեսերին Հանրային խորհուրդը բաց լսումներ կկազմակերպի «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում»  ծրագրի շուրջ, որի նպատակը Արա լեռան ստորոտին զբոսաշրջային խոշոր եւ հրապուրիչ հանգստավայրի կառուցումն է:

Հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ լսումներին կհրավիրվեն Էկոնոմիկայի, բնապահպանության նախարարները, խոշոր եւ միջին գործարարներ:

Ծրագրի արժեքը 400 մլն դոլար է, որով նախատեսվում է դեռ խորհրդային տարիներից կիսատ մնացած Եղվարդի ջրամբարի կառուցման ավարտ, նրա ափամերձ գոտում՝ 3-4 աստղանի 4 հյուրանոցի կառուցում, որոնցից «Սիս» հյուրանոցը՝ երեխաների, «Մասիսը»՝ մեծահասակների, «Նոր Հայաստանը»՝ երիտասարդների համար կլինի, չորրորդ հյուրանոցը՝ ընդհանուր: Նախատեսվում է հյուրանոցներում մարզական եւ զվարճանքի այլ կենտրոններ հիմնել, հայոց պատմության թանգարան եւ այլն: Հանգստավայրը նախատեսվում է կառուցել 35 հա մասնավոր հողատարածքի վրա. ջրամբարի 1000 հա տարածքը Եղվարդի քաղաքապետարանի սեփականությունն է:

Ծրագրի իրականցման արդյունքում 1000-2000 նոր աշխատատեղ կբացվի հատկապես Եղվարդ քաղաքի բնակիչների եւ մոտակա բնակավայրերում ապրողների համար:

Կառուցվելիք խաղատները, ըստ հեղինակի, փոխելու են Հայաստանում խաղատնային ավանդույթը. ոչ թե ազարտի, այլ սոցիալական ուղղվածություն կունենան, երբ, «օրինակ ծեր մարդիկ, շատ փոքր գումարներով հնարավորություն կունենան այնտեղ խաղալ, շփվել իրար հետ, ինչպես Լաս Վեգասում է»:

«Որեւէ ֆինանսավորում, հարկային արտոնություն կամ հողատարածքի հատկացում Հայաստանի կառավարությունից չենք խնդրել»,­ ասում է ծրագրի հեղինակ, ամերիկահայ գործարար Արմեն Վարդանյանը, որի ներկայացրած հաշվարկներով, հաջող իրագործվելու դեպքում Հայաստանում ՀՆԱ-ն տարեկան կավելանա 100 միլիոն դոլարով:

Այս ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն, Ազգային Ժողով, Հանրային խուրհուրդ, Գիտությունների ազգային ակադեմիա:

Հանգստավայրի բացումը ծրագրի հեղինակները նախատեսում են 2015թ.: