Միացյալ Արաբական էմիրություններում աշխատող ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակիցներից կազմված թիմը «Կարմա» անվանումով բարդ լրտեսական գործիքի միջոցով կոտրել  է ակտիվիստների, դիվանագետների եւ օտարերկրյա առաջնորդների այֆոնները, ինչը վկայում  է, թե ինչպես  է հզոր կիբեր զենքը տարածվում աշխարհի գերտերությունների սահմաններից դուրս, հաղորդում  է Reuters-ը:

Կիբեր գործիքն ԱՄԷ-ին հնարավորություն է տվել հարյուրավոր թիրախների մոնիթորինգ սկսել՝ սկսած 2016 թվականից: Թիրախում են հայտնվել Կատարի էմիրը, բարձրաստիճան թուրք պաշտոնյա եւ նույնիսկ իրավապաշտպան, Եմենում Նոբելյան մրցանակի դափնեկիր: Գործակալությունը տեղեկությունները հաղորդում  է՝ հղում անելով 5 նախկին հետախույզներին եւ փաստաթղթերին, որոնք հայտնվել են նրա տնօրինության տակ: Նշվում է, որ աղբյուրները ԱՄԷ քաղաքացիներ չեն:

«Կարմա»-ն օգտագործվել է Աբու Դաբիում հարձակողական կիբեր գործողությունների ստորաբաժանման կողմից, որի կազմում են եղել էմիրությունների անվտանգության  ծառայությունների աշխատակիցները եւ ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցները, որոնք որպես կապալառու են աշխատել ԱՄԷ-ի հետախուզական ծառայությունների համար: «Կարմա»-ի եւ «Project Raven» անվանումով հաքերային ստորաբաժանման գոյության մասին նախկինում չի հաղորդվել:

Raven-ի նախկին աշխատակիցները «Կարմա»-ն բնութագրել են որպես գործիք, որը կարող է հեռվից մուտք ունենալ  iPhone-ին՝ պարզապես հեռախոսահամարները կամ էլեկտրոնային փոստի հաշիվները բեռնելով թիրախավորման ավտոմատացված համակարգ: Գործիքը սահմանափակումներ ունի. այն չի աշխատում Android սարքերի վրա եւ հասանելիություն չունի հեռախոսազանգերին:

2016 եւ 2017 թվականներին «Կարմա»-ն օգտագործվել է թիրախավորված iPhone-ներից լուսանկարների, էլեկտրոնային նամակների, տեքստային հաղորդագրությունների եւ գտնվելու վայրի մասին տեղեկությունների ստացման համար: Տեխնիկան օգնել է նաեւ հաքերներին պահպանված գաղտնաբառերը ստանալ, որոնք կարող էին օգտագործվել այլ ներխուժումների համար:

Պարզ չէ՝ արդյոք այս գործիքը մինչեւ հիմա օգտագործվում  է: Նախկին հետախույզների խոսքով՝ մինչեւ 2017-ի վերջը Apple Inc-ի iPhone-ի ծրագրային ապահովման  անվտանգության թարմացումները  «Կարմայի» արդյունավետությունը նվազեցրել են:

«Կարմայի» եւ Raven ստորաբաժանման մասին տեղեկության բացահայտումը տեղի է ունենում կիբեր սպառազինությունների լարված մրցավազքի պայմաններում, որում այնպիսի մրցակիցները, ինչպիսիք են Կատարը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն, մրցակցում են ամենակատարյալ հաքերային գործիքների եւ անձնակազմի համար:

Կիբեր պատերազմի վետերանների խոսքով, հատկապես տարածված են այնպիսի գործիքները, ինչպիսիք են  «Կարմա»-ն, որոնք կարող են միաժամանակ մի քանի հարյուր iPhone օգտագործել՝ նրանց գտվելու վայրի մասին տվյալներ, լուսանկարներ, հաղորդագրություններ հավաքելով:

Համարվում է, որ մոտավորապես միայն 10 երկիր, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն եւ նրանց մոտակա դաշնակիցները, կարող են նման զենք մշակել, ասել է Մայքլ Դենիելը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Սպիտակ տան կիբեր անվտանգության նախկին պատասխանատուն:

«Կարման» եւ նմանատիպ գործիքները անհատական սարքերը, ինչպիսիք են այֆոնները, «հյութեղ թիրախ» են դարձնում, նշում է Apple-ի ազգային անվտանգության գործակալության նախկին հետազոտող Փաթրիկ Ուորդոլը:

Raven-ի նախկին ինսայդերները հայտնել են, որ «Կարման» հետախույզներին թույլ  է տվել տարբեր նպատակների համար ապացույցներ հավաքել՝ սկսած ակտիվիստներից, որոնք քննադատում են կառավարությանը մինչեւ տարածաշրջանային մրցակիցներ, այդ թվում Կատար եւ ԱՄԷ-ի գաղափարական հակառակորդը՝ «Մուսուլման եղբայրներ»:

«Կարման» նաեւ հասանելիություն է տրամադրել վարկաբեկիչ եւ երբեմն սեքսուալ նկարներին:

Reuters-ի տնօրինության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ Raven-ը հիմնականում համալրվել էր ԱՄՆ-ի հետախուզական համայնքի վետերաններով, որոնց վճարել են կիբեր անվտանգության հետ կապված DarkMatter ընկերության միջոցով:

Ըստ հետախույզների՝ ԱՄԷ-ի կառավարությունը  «Կարման» մատակարարից ձեռք է բերել երկրի սահմաններից դուրս: Reuters-ը չի կարողացել պարզել զենքը ստեղծողին:

Raven-ի թիմը կոտրել է Մերձավոր Արեւելքի հարյուրավոր նշանավոր քաղաքական գործիչների եւ ակտիվիստների հաշիվները տարածաշրջանում եւ որոշ դեպքերում Եվրոպայում: