Այն, որ ժողովրդավարությունը մեր հավատամքն է եւ այն, որ մենք պետք է սուպերվարչապետական համակարգից բալանսավորման պետք է գնանք, միանշանակ է: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդիկ ուզում են, որ դա մեկ օրում տեղի ունենա: Այո, մեկ օրում կարելի է դա անել, բայց կարող է պարզվի, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ եւ երկրում անիշխանություն ստեղծվեց: Այդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում ժողովրդավարության, թափանցիկության համար: Այսօր ՀՀ պետական կառավարման համակարգը թափանցիկ է, քան երբեւէ, եւ ես ուզում եմ շնորհակալության հայտնել այն մարդկանց, որոնք դրա համար ջանք են գործադրում: Այն, ինչ ասել ենք հեղափոխության հարթակից, մեր սկզբունքներն են եւ այնպես չի, որ այսօր հասել ենք կառավարական կարգավիճակի ու ամեն ինչ հետ ենք շրջում: Ինչ է տեղի ունեցել, վերջին 7-8 ամսիներին համոզվեցիք, որ դիկտատուրա՞ է հաստատվել»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ կարող է այդ պրոցեսը 3-4 տարվա ընթացքում տեղի ունենա: