Սլովակիան հեռակոմունիկացիոն ծառայություններ մատուցող Huawei չինական ընկերությանը չի դիտարկում որպես անվտանգության սպառնալիք եւ մինչ սահմանափակումներ մտցնելը կարիք է զգում ապացույցների, որ ընկերության տեխնոլոգիան վտանգ է ներկայացնում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պիտեր Պելեգրինին՝ հայտնում է Reuters-ը։

«Մենք չունենք Սլովակիայի ուժայիններից պաշտոնական տեղեկատվություն, որը կվկայեր այն մասին, որ այդ ընկերությունն իրենից անվտանգության հատուկ սպառնալիք է ներկայացնում։ Եթե մենք ուզում ենք խոսել կիբեռանվտանգության մասին, պետք է խոսենք բոլոր ընկերությունների մասին, ոչ թե առանձնացնենք նրանցից մեկին։ Քաղաքական գործիչները պետք է զգույշ լինեն, որպեսզի գործիք չդառնան առեւտրային պատերազմում կամ մրցակիցների միջեւ պայքարում»,- լրագրողներին ասել է Պելեգրինին։