Փետրվարի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում փոխանակման կետերի միջոցով բանկերը գնել են 75 մլն դոլար, վաճառելէ 76 մլն դոլար։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկից;
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի արտարժույթի շրջանառությունը մոտ 5,5 անգամ զիջել է կանխիկ արտարժույթի շուկայի շրջանառությանը՝ ընդամենը 13,6 մլն դոլար։
Փետրվարի 14–ից 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.8 մլրդ դրամ, որը համարժեք է 51,5 մլն դոլարին։ Հարկ է նշել, որ սա այնքան էլ բարձր ցուցանիշ չէ։ Համեմատության համար՝ նախորդող շաբաթում դրամային վարկերի ծավալը 24 մլրդ դրամ էր (մոտ 65,5 մլն դոլար)։
Ի տարբերություն դրամի՝ դոլարային վարկերը դրսեւորել են աճի միտում՝ 28 մլն դոլար։ Դա 4 մլն դոլարով գերազանցում է նախորդող շաբաթվա ցուցանիշը, սակայն նույնպես բարձր մակարդակ չի համարվում։
Ընդհանուր առմամբ՝ փետրվարը կարելի է համարել տնտեսական պասիվության ամիս՝ հաշվի առնելով ֆինանսական շուկաների ծավալները։



























