Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հերքել է լուրերն այն մասին, որ Իսրայելի հետ հարաբերությունները փչացել են, երբ վրացի ուժայինները կաշառք տալու համար երկու իսրայելցի գործարարի են ձերբակալել :
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», «ՊԻԿ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սահակաշվիլին հայտարարել է. «Վրաստանի եւ Իսրայելի հարաբերությունները հրաշալի են»: Ն րա խոսքով, ասվածը վերաբերում է եւ քաղաքական դաշտին եւ մարդկանց միջեւ հարաբերություններին:
Նա, սակայն, չի մեկնաբանել իսրայելցի գործարարների հանդեպ հարուցված քրեական գործը` նշելով, որ դա «դատարանի գործն է»:
Նշենք, որ իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուկսը եւ Զեեւա Ֆրենկելը ձերբակալվել էին անցած տարվա հոկտեմբերին Բաթումիի ռեստորաններից մեկում` Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեի հետ հանդիպման ժամանակ: Հետաքննության տվյալներով, նրանք Խարաիձեին 7 մլն դոլար կաշառք էին առաջարկել` փոխարենը պահանջելով հրաժարվել միջազգային արբիտրաժի որոշումը բողոքարկելու փորձից:





























