Եվրամիության երկրների բնակիչները, որոնց գերակշռող մեծամասնությունը սովորաբար ընդունում է տեխնիկական ինովացիաները, աշխատավայրում ռոբոտներին սկսել է ավելի հոռետեսորեն վերաբերվել: Սա պարզվել է Վյուրցբուրգի (Գերմանիա) եւ Լինցի (Ավստրիա) համալսարանների հոգեբանների եւ սոցիոլոգների անցկացրած հետազոտությամբ: Նրանք վերլուծել են ներկայացուցչական հետազոտությունների արդյունքները, որոնք վերջին տարիներին կատարել է Եվրոպական հանձնաժողովը: Հաշվի են առնվել 2012, 2014 եւ 2017 թվականների տվյալները: 27 երկրներից 80 հազար հարցվածներից մոտ 1600-ը գերմանացիներ են, հայտնում է «Գերմանական ալիքը»:
Եվրոպացիներն ընդհանուր առմամբ ռոբոտներին դրական են վերաբերվում: Սա, իհարկե, զարմանալի չէ. այսօր արդյունաբերության մեջ առանց դրանց անհնար է: Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալներով՝ երկրում յուրաքանչյուր երկրորդ խոշոր ձեռնարկությունը ռոբոտներ է օգտագործում՝ մասնավորապես այնպիսի գործողությունների համար, ինչպես զոդումը, ներկումը, տրանսպորտի ոլորտում:
Բայց երբ խոսքը վերաբերում է ռոբոտների կիրառմանը բժշկության մեջ, հիվանդներին եւ ծեծերին խնամելու գործում կամ գրասենյակում, 2012 թվականից նկատվում է հոռետեսական միտում: Հետազոտության տվյալները պատճառների մասին չեն նշում: Սակայն դրա կազմակերպիչներից մեկը՝ Վյուրցբուրգի համալսարանից Մարկուս Ապելը համոզված է, որ գլխավոր պատճառը իրենց աշխատատեղերի համար մարդկանց վախն է: Նա dpa գործակալության հետ հարցազրույցում ընդգծել է, որ հենց այս պատճառով է ռոբոտատեխնիկան պակաս տարածված դառնում:
Հետազոտության մեջ բերվում է ոչ միայն տարբեր տարիների կոնկրետ տվյալների համեմատությունը: Մարդկանց տարբեր ժամանակ տարբեր հարցեր են տվել՝ ռոբոտների հետ կապված: Եվ թրենդն ակնհայտ է՝ եվրոպացիները արդեն այնքան էլ հիացմունքով չեն վերաբերվում աշխատավայրում իրենց կողքին ռոբոտների հայտնվելուն:




























