Ծովահենների կողմից առեւանգված MSC Mandy-ի խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը վերադարձել է Ռուսաստան, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Աբուջայում ՌԴ դեսպանատան տեղեկություններով՝ հունվարի 20-ին ազատվել են MSC Mandу կոնտեյներատարի անձնակազմի անդամ ՌԴ քաղաքացիները, որոնց հունվարի 2-ին Գվինեյան ծոցում ծովահեններն առեւանգել էին: Այս պահին նավաստիները ժամանել են հայրենիք: Նրանց առողջական վիճակը բավարար է: Մոսկվան երախտապարտ է նրանց, ովքեր աջակցել են ռուսաստանցիների ազատմանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Հունվարի սկզբին Գվինեյան ծոցում՝ Բենինի ափերի մոտ, MSC Mandy նավի վրա հարձակվել էին ծովահենները, նավաստիները առեւանգվել էին: Նավում 26 մարդ կար, այդ թվում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիներ: Ծովահենները 6 նավաստու էին առեւանգել, նրանց թվում էր նաեւ խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը:





























